Նաղդալյանը պարզաբանեց, թե ինչու ՀՀ-ն չի պատասխանում Թուրքիայի և Ադրբեջանի նյարդային արձագանքներին

15:31, 2 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանեց, թե ինչու Հայաստանը չի պատասխանում Թուրքիայի և Ադրբեջանի նյարդային արձագանքներին:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին Նաղդալյանն ասաց սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Արևելյան միջերկրականում տեղի ունեցող գործընթացների շուրջ զարգացումներին:

«Թուրքիայի ԱԳՆ արձագանքը նյարդային էր, և գուցե արժանի չէր կառուցողական պատասխանի, քանի որ, ինչպես գիտեք ՀՀ ԱԳՆ-ն միշտ հանդես է գալիս կառուցողական դիրքերից: Թուրքիան, որը վերջին շրջանում իրեն դիրքավորում է որպես գազ փնտրող ծովերի թագուհի և խնդիր ունի գրեթե բոլոր իր հարևանների հետ, պետք է նախ և առաջ հարգի իր պարտավորությունները, Հայաստանի հետ սահմանը շարունակաբար փակ պահելով՝ Թուրքիան խախտում է Հայաստանի նկատմամբ իր ունեցած պարտավորությունները, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքելուն, մեզ համար նորություն չէ, որ միջազգային հարթակում Ադրբեջանը հանդես է գալիս Թուրքիայի կրտսեր գործընկերոջ կարգավիճակով և այս հարցով, եթե չենք պատասխանել Թուրքիային, ապա առավել ևս չենք արձագանքելու Ադրբեջանին»,- ասաց Նաղդալյանը:

Արևելյան միջերկրականում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությունն արժանացել էր Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ-ների նյարդային արձագանքին:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am