Արցախում անկախության տոնի առթիվ ներում է շնորհվել 2 դատապարտյալի

17:51, 1 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ներում է շնորհվել 2 դատապարտյալի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ ևս երկու դատապարտյալի նկատմամբ ներումը կիրառվել է մասնակի:

«Ներման հանձնաժողովում քննարկվել է 15 հոգու ներման հարցը: Դատապարտյալներից 2-ը ներվել են ամբողջությամբ, 2-ի նկատմամբ` ներումը կիրառվել է մասնակի, իսկ 11-ի վերաբերյալ դիմումները մերժվել են»,- ասաց Պողոսյանը:

Վահրամ Պողոսյանը նշեց, որ ներում ստացած դատապարտյալներն արդեն ազատ են արձակվել:

Հուլիսի 3-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am