Ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք․ ՀՔԾ

16:28, 31 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2‑րդ և 308-րդ հոդվածի 1‑ին մասերով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2‑րդ և 38-308-րդ հոդվածի 1‑ին մասերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ Վ. Ա.-ն, Հ. Մ.-ն և Ա. Տ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՀՔԾ-ից, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2020թ. հունվար‑փետրվար ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կեhttps://armenpress.am/arm/տ-բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Ա.-ն ու նույն բաժանմունքի մաքսային տեսուչի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ն` բաժանմունքի կշեռքավար Ա. Տ.-ի օժանդակությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները, այն է՝ 2020թ. հունվարի 17‑ին 1150 տարա յուղով բեռնված բեռնատարների վարորդներին թույլատրել են հիշյալ բեռների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում Բագրատաշենի մաքսակետով մուտք գործել ՀՀ տարածք, որի հետևանքով բեռի սեփականատերը ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 16.034.356 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Բացի այդ, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, մաքսային ծառայության վերը նշված պաշտոնատար անձինք 2020թ. հունվարի 25‑ին և 29-ին, ինչպես նաև 2020թ. մարտի 1-ին նույն եղանակով` առանց մաքսային հայտարարագրման, թույլատրել են նշված մաքսակետով յուրաքանչյուր անգամ 680 տարա յուղի տեղափոխումը ՀՀ տարածք, որի հետևանքով բեռի սեփականատերը ՀՀ պետական բյուջե չի վճարել ընդհանուր` 28.397.753 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Քրեական գործով նախաքննությունը  շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am