ՔԿՀ-ներում էականորեն բարելավվել են կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմանները

16:33, 22 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Քրեակատարողական համակարգում կատարվել են մի շարք ակնառու բարեփոխումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը նշեց, որ դրանից առաջնահերթն այն է, որ էականորեն բարելավվել են կալանավորված անձանց և դատապարտյալների պահպան պայմանները:

- Պարո՛ն Գոյունյան, համաճարակային իրավիճակով պայմանավորված` հաճախ հնարավորություն չի ստեղծվում անմիջականորեն Քրեակատարողական ծառայության ղեկավարությունից պարզաբանումներ ստանալ համակարգում իրականացվող բարեփոխումների և հանրությանը հետաքրքրող տարբեր հարցերի վերաբերյալ։ Նկատի ունենալով, որ այսօր ստեղծվել է նման հնարավորություն, կխնդրեի ընդհանուր գծերով ներկայացնել, թե ինչ տեսլականով է առաջնորդվում Ձեր ղեկավարած ծառայությունը։

- Անցած ժամանակահատվածում մեր համակարգում իրականում կատարվել են մի շարք բարեփոխումներ, որոնք, կարծում եմ, տեսանելի են հասարակությանը, իսկ բնագավառով առանձնահատուկ հետաքրքրվողների համար` առավել ակնառու։ Այս ընթացքում Ծառայության առաջնահերթություններից են եղել կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմանների էական բարելավումը, նրանց հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը, կոռուպցիոն ցանկացած դրսևորման և պետական միջոցների ոչ արդյունավետ տնօրինման բացառումը, քրեական ենթամշակույթի դեմ հետևողական պայքարը և այլն։ Հիշյալ ուղղություններից յուրաքանչյուրով արդեն իսկ ունենք տեսանելի հաջողություններ, ինչը հիմք է տալիս համոզված լինելու, որ բարեփոխումները կրում են անշրջելի բնույթ։ Մասնավորապես քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման և ենթակառուցվածքների կատարելագործման նպատակով արդեն իսկ իրականացվել են մի շարք ծրագրեր.

«Արմավիր» ՔԿՀ-ում վերանորոգվել և միջազգային չափանիշներին է համապատասխանեցվել երկարատև տեսակցության մասնաշենքը, սենյակները կահավորվել և համալրվել են կենցաղային տեխնիկայով ու խոհանոցային կահույքով: Կահավորվել է նաև մանկական սենյակը։ Ստուգվել է հիմնարկի շենք-շինությունների սեյսմակայունությունը, մեկնարկել են կիսաբաց մասնաշենքի շինարարական աշխատանքները։

«Աբովյան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են արտաքին կոյուղու, սանհանգույցների, բաղնիքների հիմնանորոգման աշխատանքներ, ընդ որում, կառուցվել են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հատուկ պայմաններով սանհանգույցներ և բաղնիքներ։ «Աբովյան» ՔԿՀ-ում վերանորոգվել են նաև հիմնարկի երկու ենթակայանների միջև ընկած հատվածի ցածր լարման մալուխը,  մոտ  500 քմ մակերեսով  պահեստային տնտեսության տանիքը:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են հիմնարկի արտաքին ջրահեռացման համակարգի և ճաշարանի կապիտալ վերանորոգման շինարարական աշխատանքներ:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել են ներքին կոյուղու ցանցի, արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցի, սանհանգույցների, բաղնիքների, խոհանոցի, ներքին և արտաքին էլեկտրահամակարգի կապիտալ շինարարական և էլ.ենթակայանի վերանորոգման աշխատանքները: Իրականացվել են նաև քրեակատարողական հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցերի վերակառուցման շինարարական աշխատանքներ:

«Սևան» ՔԿՀ-ում իրականացվել են հիմնարկի արտաքին ջրահեռացման համակարգի շինարարական աշխատանքներ: «Վարդաշեն» ՔԿՀ-ում կապիտալ վերանորոգվել է հիմնարկի 143մ երկարությամբ պարիսպը, ինչպես նաև իրականացվել են հիմնարկի արտաքին կոյուղու ցանցի վերակառուցման աշխատանքներ: «Վանաձոր» ՔԿՀ-ում մասնակի վերանորոգվել են լոգասենյակները, «Արթիկ» և «Գորիս» ՔԿՀ-ներում` կացարանները:

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում իրականացվել է բաղնիքի տաք ջրամատակարարման համակարգի, իսկ «Հրազդան» ՔԿՀ-ում` արտաքին ջրահեռացման համակարգի վերանորոգում:

Առանձնակի կարևորելով քրեակատարողական հիմնարկների տեխնիկական հագեցումը և արդիականացումը` ձեռք են բերվել և բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են նոր սերնդի անվտանգության ռենտգեն սարքեր, անցումային և ձեռքի մետաղորսիչ սարքեր:

Համակարգում ամբողջովին լուծված է նաև ամենազգայուն խնդիրներից մեկը` սննդի հարցը։ Հիշյալ ոլորտում, ՀՀ կառավարության անմիջական աջակցությամբ, կարելի է ասել՝ կատարվել է հեղափոխական բարեփոխում. սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին, ինչի արդյունքում ներկա դրությամբ բոլոր քրեակատարողական հիմնարկներում գործում է սննդի ապահովման այդ նոր համակարգը։

Քրեակատարողական ծառայության գործունեության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը եղել են ոլորտի օրենսդրության կատարելագործումն ու Ծառայության գործունեության իրավակարգավորումների լրամշակումը, որպիսիք կրում են պարբերական բնույթ։

Առավել կարևորվող ուղղություններից մեկը եղել և շարունակելու է մնալ ազատությունից զրկված անձանց հետ իրականացվող սոցիալ, հոգեբանական և իրավական շարունակական աշխատանքները։ Տվյալ ոլորտում մինչ օրս օբյեկտիվ մի շարք պատճառներով շարունակում է անլուծելի մնալ ազատությունից զրկված անձանց աշխատանքային զբաղվածության ապահովման հետ կապված հիմնախնդիրը, սակայն այդ ուղղությամբ ևս արդեն իսկ ձեռնարկվել են որոշակի միջոցներ։ Մասնավորապես «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գործունեությունն էական ակտիվացնելու նպատակով իրականացվել է մանրակրկիտ ուսումնասիրություն, որի արդյունքներով կազմվել է ազատությունից զրկված անձանց աշխատանքային զբաղվածության ապահովման բնագավառում բարեփոխումների ծրագիր։ Այն քննարկվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, և ներկայումս ուղիներ են փնտրվում առաջարկված միջոցառումները կյանքի կոչելու ուղղությամբ։

Կարելի է վստահաբար փաստել, որ Քրեակատարողական ծառայությունում համակարգային կոռուպցիայի մասին անգամ խոսք չի կարող լինել, արձանագրվող դեպքերը կոռուպցիայի անհատական դրսևորումներ են, և հենց Ծառայությունն է հետամուտ, որ իր շարքերն ինքնամաքրի, այսպես կոչված, «ուսադիրավոր դարձվորյակներից»։

Հաջորդ լրջագույն համակարգային խնդիրը մշտապես եղել է քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի` տարիներ շարունակ արմատավորված դրսևորումները, որպիսիք արմատախիլ անելու նպատակով ներկայումս գրեթե ամենօրյա ռեժիմով իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Վերջին օրերի ընթացքում գրեթե բոլոր հիմնարկներում չնախատեսված խուզարկություններ են իրականացվել քրեական ենթամշակույթին հարող կալանավորված անձանց և դատապարտյալների խցերում, ինչը ևս աննախադեպ է այս համակարգում, քանի որ երկար տարիներ ընդունված է եղել, որ այդպիսի անձինք եղել են արտոնյալ կարգավիճակում, երբեք չեն խուզարկվել կամ տույժի ենթարկվել։ Ներկայումս այդ կարծրատիպը ևս ամբողջովին կոտրված է։

Քրեակատարողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում իրականացրել է նաև մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունավետության մասին հանրությունն առաջիկայում կիրազեկվի։

- Վերոհիշյալ ձեռքբերումների հետ մեկտեղ ի՞նչ չլուծված հիմնախնդիրներ են նաև առկա։

- Առաջնահերթ կցանկանայի առանձնացնել ազատությունից զրկված անձանց հետ իրականացվող սոցիալ, հոգեբանական և իրավական աշխատանքների արդյունավետությունը։

Տվյալ ոլորտում մենք իսկապես դեռ շատ անելիք ունենք, քանզի համակարգի կարևորագույն նպատակներից մեկը հենց քրեակատարողական հիմնարկում հայտնված անձանց վերասոցիալականացումն է։ Արդեն իսկ իրականացնում ենք համակողմանի վերլուծություններ, որպիսիք հանգեցնելու են այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մանրակրկիտ ծրագրի կազմմանը։ Քրեակատարողական ծառայության ղեկավարությունը վճռական է այս ուղղությամբ ևս բեկումնային բարեփոխումներ իրականացնելու։

Դեռևս անլուծելի մնացած հիմնախնդիրներից հաջորդը քրեակատարողական հիմնարկներում բջջային հեռախոսների անօրինական օգտագործման դեպքերն են։ Քրեակատարողական հիմնարկներում բջջային հեռախոսների շրջանառությունը վկայում է նաև քրեակատարողական ծառայողների` այդ գործընթացին ներգրավված լինելու կամ, առնվազն, իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու մասին, ընդ որում, կան բացահայտված դեպքեր, որ այդպիսիք եղել են նրանց շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությամբ պայմանավորված։ Օբյեկտիվ լինելու համար պետք է փաստել, որ հաճախ հեռախոսները քրեակատարողական հիմնարկներ ներթափանցում են նաև այլ եղանակներով` արտանետում, անօդաչու թռչող սարքերով (դրոն) տեղափոխում և այլն։ Ինչևէ, ներկայումս քննարկումներ են իրականացվում՝ հարցի լուծման առավել արդյունավետ, գիտատեխնիկական լուծումները գտնելու համար։ Քրեակատարողական ծառայության համակարգի լրջագույն խնդիրներից մեկը հաստիքային միավորների սղությունն է։

Չնայած ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ և քրեակատարողական ծառայողների աշխատավարձի բարձրացմամբ հնարավոր է դարձել էականորեն կրճատել համակարգում առկա թափուր հաստիքները, սակայն Ծառայությանը հատկացված հաստիքային միավորների սղությունը ևս մինչ օրս շարունակում է խնդրահարույց մնալ։ Իրականում քրեակատարողական համակարգը դինամիկ, ամենօրյա քրտնաջան և հետևողական աշխատանք պահանջող համակարգ է։ Հաճախ մեր ծառայողների և աշխատակիցների տաժանակիր և պատասխանատու աշխատանքը հասարակության կողմից չի արժանանում պատշաճ գնահատականի, սակայն, կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այդ մոտեցումները նույնպես կփոխվեն։

- Օգտվելով առիթից՝ չեմ կարող չանդրադառնալ ևս մեկ հարցի։ Օրերս զանգվածային լրատվության միջոցներում հրապարակում եղավ Ձեր առանձնատան վերաբերյալ, մասնավորապես, որ դրա վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Քրեակատարողական ծառայությունում և հիմնարկներում ընթացող շինարարական աշխատանքներին զուգահեռ, ինչը, պարզ էր, կարող էր կասկածների տեղիք տալ, թե պետական միջոցները ծառայեցվում են անձնական շահերին։ Կմանրամասնեք, թե ե՞րբ և ի՞նչ միջոցներով է կառուցվել հիշյալ առանձնատունը։

- Ինձ համար, բնականաբար, հասկանալի են նման հրապարակումների իրական մղումները, սակայն բնավ ցանկություն չունեմ ներքաշվելու նման անպտուղ քննարկումների մեջ։ Ինձ ճանաչողները գիտեն թե՛ իմ անցած ճանապարհը և թե՛ իմ սկզբունքները։ Չճանաչողներին կարող եմ բարեկամաբար խորհուրդ տալ` ես սկզբունքներից հետ կանգնող չեմ, եթե ոմանք կարծում են, որ կարող են իմ վերաբերյալ նման հրապարակումներով ինձ զերծ պահել իմ ծառայությունը հետևողական և խստագույնս իրականացնելուց, չարաչար սխալվում են։

Ձեր հիշատակած առանձնատունը գտնվում է Պտղնի-2 այգեգործական տարածքում, որտեղ մենք հաստատվել ենք դեռևս 80-ականների վերջին։ Հանգուցյալ հայրս, որը Երևանի պետական համալսարանի տպարանի տնօրենն էր, շատերի նման խորհրդային տարիներին անհատույց ստացել էր այդ ամառանոցային հողատարածքը, որտեղ կառուցվել էր տիպային ամառանոցային շինություն։

Բանակից զորացրվելուց հետո՝ սկսած 1989թ.-ից, ես նույնպես այս գրեթե 30 տարիների ընթացքում այնտեղ իրականացրել եմ բարեկարգման աշխատանքներ, կարող եմ հպարտությամբ նշել նաև, որ հիմնադրել եմ գեղեցիկ այգի։ Բնականաբար մեր ֆինանսական միջոցները (ի դեպ, արդեն երկար տարիներ ներկայացնում եմ հայտարարագիր, և ցանկացողները կարող են իրազեկվել իմ, այսպես կոչված, «կարողությունների» մասին) հնարավորություն չեն տվել կարճ ժամանակում ավարտին հասցնել առանձնատան շինարարությունը, որի ներքին և մասամբ արտաքին հարդարման աշխատանքները մինչ օրս էլ չեն ավարտվել։ Ստիպված տարի-տարի իրականացրել եմ որոշակի աշխատանքներ, որոնց ավարտը ինքս էլ չգիտեմ, թե երբ կլինի։ Այս տարի նախատեսել եմ իրականացնել ընդամենն  առանձնատան ճակատային հատվածի կիսատ մնացած երեսպատման-հարդարման աշխատանքները։ Ընդ որում, դա էլ իրականացնում եմ դստերս ամուսնու աջակցությամբ, որը ՀՀ-ում շինանյութերի ոլորտում մեծ հաջողությունների հասած խոշոր հարկատու է։ Չմոռանամ անդրադառնալ նաև իբր անձնական նպատակներով օգտագործվող ծառայողական ավտոմեքենաներին։ Ծառայության պետին իրականում ամրակցված է մեկ ավտոմեքենա, որը 2008թ.-ի արտադրության է (ի դեպ, ունի փոխանցման տուփի գործարանային դեֆեկտ)։ Շահարկվող մյուս ավտոմեքենան, որն ավելի հնամաշ է` 2006թ. արտադրության, ընդամենը Ծառայության հերթապահ ավտոմեքենան է։

Մեկ անգամ ևս փարատեմ ոմանց հույսերը` ովքեր կարծում են, որ ինձ պախարակելով կարող են խոչընդոտել քրեակատարողական համակարգում ընթացող բարեփոխումները, չեն հաջողելու։ Ես նույն հետևողականությամբ շարունակելու եմ կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք նախանշվել են, տարիներ շարունակ համակարգում ձևավորված, չգրված «օրենքներն» այսուհետ առ ոչինչ են, գործելու է իրական օրենքը բոլորի համար։

Նորայր Շողիկյան

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am