ԿԽՄԿ-ն Արցախի Առողջապահության նախարարությանը 4 վրան է նվիրաբերել Covid-19-ի դեմ պայքարի շրջանակում

16:59, 21 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում 45մ² մակերեսով 4 վրան է նվիրաբերել Արցախի Առողջապահության նախարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Վրանները դաշտային պայմաններում կարող են օգտագործվել որպես հոսպիտալ, բուժկետ, կացարան, աշխատանքային սենյակ, խոհանոց, կամ այլ անհրաժեշտ նպատակների համար: Նմանօրինակ վրանների հերթական խմբաքանակ ստացել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

ԿԽՄԿ առաքելությունը COVID-19-ի վարակի տարածումը կանխելու ուղղությամբ Արցախում իրականացրել և՛ իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր:

Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 32 քաղաքացի: Թեստավորումների նպատակով մինչ այսօր կատարվել է 8683 փորձանմուշի հետազոտություն: Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան երկու դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նորայր Շողիկյան

 


© 2009 ARMENPRESS.am