Ամսական ցմահ պատվո վճար չեմպիոններ պատրաստած մարզիչներին. Արսեն Ջուլֆալակյանի նախագիծը

13:49, 20 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2012թ. օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը երկու նոր առաջարկ է ներկայացրել ԱԺ ամսական ցմահ պատվո վճար տրամադրելու վերաբերյալ:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամսական ցմահ պատվո վճար տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտական բնակվող այն մարզիչներին (հավաքականի գլխավոր մարզիչ և անձնական մարզիչ), ովքեր իրենց գործունեության ընթացքում պատրաստել են Օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ և մրցանակակիրներ, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի և շախմատի աշխարհի չեմպիոններ։ Առաջարկել եմ գնահատել յուրաքանչյուր մարզչի գրանցած երկու լավագույն արդյունքը և պատվո վճարի չափ սահմանել այդ երկուսի հանրագումարը։

Որպես պատվովճարի չափ առաջարկել եմ.

  1. Օլիմպիական չեմպիոնի հավաքականի գլխավոր մարզչին, անձնական մարզչին- 100 000 դր.
    2.
    ՕԽ-ի 2-րդ մրցանակակրի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 70 000դր.
    3.
    ՕԽ-ի 3-րդ մրցանակակրի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 50 000դր.
    4.
    Աշխարհի չեմպիոնի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 50 000դր.

️Կարծում եմ, այս առաջարկի ընդունումը կարևոր ուղերձ կլինի մարզաշխարհին առ այն, որ մարզիչ-մանկավարժի մասնագիտությունն ու գործունեությունը շատ կարևորվում է ՀՀ-ում։ Սա կլինի նաև ծանրակշիռ աջակցություն՝ ուղղված մարզիչ-մանկավարժների սոցիալական վիճակի բարելավմանը։

Ամենամսյա թոշակ նշանակել Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (անհատական և թիմային), ինչպես նաև շախմատ մարզաձևի մեծահասակների ՀՀ առաջնության չեմպիոններին մեկ տարի ժամկետով՝ մինչև հաջորդ տարվա ՀՀ առաջնությունը։ Որպես ամենամսյա թոշակի չափ առաջարկել եմ սահմանել 50 000 դր.։

️Կարծում եմ, նման մոտեցումը կարևոր խթան կհանդիսանա հատկապես դեռևս ոչ տիտղոսակիր մարզիկների համար, ովքեր հիմնականում եկամտի այլ աղբյուր չունեն, և հնարավորություն կընձեռի վերջիններիս ինչ-որ չափով հոգալ սպորտային նվազագույն կարիքները։
Այն նաև էլ ավելի կբարձրացնի ՀՀ առաջնության դերակատարությունն ու կարևորությունը մարզիկների համար»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը




© 2009 ARMENPRESS.am