Վրաստանը երկարաձգել է կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը մինչև սեպտեմբերի 30-ը

20:47, 17 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի ծառայության պաշտոնական կայքում:

Քաղաքացիական ավիացիայի ծառայությունն արգելքի երկարաձգման մասին արդեն տեղեկացրել է կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնող ընկերություններին: Սահմանափակումը չի տարածվի Գերմանիայի, Ֆրանսիայի և Լատվիայի հետ կանոնավոր չվերթների վրա:

Կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը երկարաձգված էր մինչև օգոստոսի 31-ը:

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1341 է: Երկրում կորոնավիրուսից առողջացել է 1092 հոգի, մահացել՝ 17 մարդ:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am