ՔԿ վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ վեց ամսում քննվել է 1233 քրգործ

18:12, 17 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի իրավասու մարմինների վարույթում 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննվել է 1233 քրեական գործ, նախապատրաստվել՝ 158 նյութ:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում Քննչական կոմիտեի վարույթում գտնվող 1233 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից. 

Ավարտվել է կոռուպցիոն բնույթի 199 քրեական գործ, 146 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 104-ը` արդարացման, 42-ը` ոչ արդարացման հիմքով:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 53 քրեական գործ:

2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 715 անձ: Նշված անձանցից ձերբակալվել է 20-ը, 14 անձ ազատվել է ձերբակալումից: Որպես մեղադրյալ ներգրավվել է 515 անձ: Մեղադրանք է առաջադրվել 510 անձի: 

12 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:

102 քրեական գործով և ոչ արդարացման հիմքերով քրեական գործի հարուցումը մերժած նյութերով պատճառվել է 634.873.480 ՀՀ դրամի չափով գույքային վնաս, որից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 582.571.503 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի չափը՝ 52.301.977 ՀՀ դրամ: 

Պատճառված գույքային վնասից վերականգնվել է 340.189.653 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից՝ 325.902.096 ՀՀ դրամը, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 14.287.557 ՀՀ դրամը:

Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը կազմել է 188.222.115 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 173.179.735 ՀՀ դրամը:


© 2009 ARMENPRESS.am