Փոխնախարար Գալյանը հանրային քննարկմանը ներկայացրել է հակակոռուպցիոն դատարանի ձևավորման փաթեթը

18:52, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում էին նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, այլք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

փոխնախարար Գալյանը ողջույնի խոսքում, կարևորելով նման հանրային քննարկումների կազմակերպումը, անդրադարձել է հակակոռուպցիոն դատարանի ձևավորման օրենսդրական նախագծերի փաթեթով նախատեսված իրավակարգավորումներին: Մասնավորապես՝ ներկայացրել է հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության բաց մրցութային ընթացակարգը, ինչպես նաև թեկնածուների առաջադրման համար նախատեսված սահմանափակումները, դատավորների թվաքանակները՝ առաջին, վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում: Անդրադարձ է եղել նաև թեկնածուների ընտրությունից հետո նախատեսվող դասընթացներին և վերապատրաստման ծրագրերին:

Այնուհետև, փոխնախարարը պատասխանել է մյուս բանախոսների՝ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրած դիտարկումներին և հանրային քննարկմանը հեռավար կարգով մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հարցերին:

Ամփոփելով խոսքը՝ Սրբուհի Գալյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը բաց և պատրաստակամ է քննարկելու Նախագծի վերաբերյալ այլընտրանքային լուծումներ պարունակող բոլոր դիտարկումները: 

 

 


© 2009 ARMENPRESS.am