Deutsche Welle-ն անդրադարձել է Գազայի հատվածի հայազգի լուսանկարչի արխիվին

16:05, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական հեղինակավոր Deutsche Welle լրատվամիջոցը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Գազայի հատվածի հայազգի լուսանկարիչ Գեղամ Ջեղալյանի արխիվին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցը նշում է, որ Ջեղալյանի լուսանկարներում ներկայացված է 1945-1970թթ. Գազան:

«Kegham» լուսանկարչատունը նախորդ դարի կեսերին հայտնի էր ամբողջ Գազայում, իսկ Գեղամ Ջեղալյանը Գազայի հատվածի առաջին լուսանկարիչներից մեկն էր:

1945-1970թթ. նրա կողմից արված լուսանկարներում ներկայացված են 1959 թվականին Չե Գևարայի կատարած այցը, Եգիպտոսն ու Գազան միացնող երկաթուղային կայարանը, որն այլևս գոյություն չունի, և մի շարք այլ նշանակալի իրադարձություններ:

Մարվան Թարազին կարողացել է պահպանել Ջեղալյանի արխիվի մի մասը, թեև «Kegham» լուսանկարչատունն այժմ փակ է:

«Լուսանկարների արխիվացումը հեշտ չէր, սակայն դրանք մեր ժառանգությունն են, մեր մշակույթը: Ահա, թե ինչն է ինձ համար այդքան կարևոր»,- ասել է Թարազին:

Անահիտ Բութինը Գեղամ Ջեղալյանի ավագ դուստրն է: Նա այժմ բնակվում է Ֆրանսիայում, սակայն լավ է հիշում 1950-1960-ական թվականներին Գազայում անկացրած մանկությունը:

«Դրանք երջանիկ ժամանակներ էին: Որպես հայ` մենք շատ ցանկալի հյուրեր էինք Գազայում: Լավ կլիներ պահպանել պատմությունը, այս լուսանկարները արտացոլում են Գազայի բուռն ու զգացմունքային պատմությունը»,- նշել է Անահիտը:


© 2009 ARMENPRESS.am