Բնակարանների գնման վկայագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է

10:39, 13 Օգոստոս, 2020

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի՝ «Բնակարանի գնման վկայագիր» ծրագրի շահառու ճանաչված այն ընտանիքները, որոնք չեն հասցրել բնակարանատերեր դառնալ, ունեն լրացուցիչ ժամանակ վկայագրերն իրացնելու համար:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: «Հաշվի առնելով համավարակի պայմաններում առաջացած դժվարությունները՝  կառավարությունը որոշում է կայացրել բնակարանների գնման վկայագրերի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը: Այսինքն՝ քաղաքացիները դեռ 3  ամիս ժամանակ ունեն վկայագրի շրջանակներում բնակարան գնելու»,- նշեց Ալբերտ Մարգարյանը։

 Բնակարանների գնման վկայագրերի երկրորդ ծրագրով Շիրակի մարզի գյուղական 9 բնակավայրերի 90 ընտանիք ճանաչվել է շահառու, պայմանագրեր կնքվել են նրանցից 86-ի հետ, 56 ընտանիքների եզրակացություններ են տրամադրվել, 49-ը արդեն ձեռք են բերել բնակարաններ։ Սրանք այն ընտանքներն են, որոնք հրաժարվել են նոր տների կառուցման ծրագրից՝ ընտրելով վկայագրի տարբերակը: 90 ընտանիքից 4-ը վկայագիր չստացավ ՝  ներընտանեկան խնդիրների պատճառով:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am