Ամուլսարի վերաբերյալ մեր հայտարարություններն ուժի մեջ են. Ավինյան

16:54, 12 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կառավարության կողմից նախկինում հնչած հայտարարությունները շարունակում են մնալ ուժի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ես որևէ խոստում չեմ հիշում, որ մենք խոստացել ենք և չենք արել Ամուլսարի հետ կապված: Դրա հետ կապված խնդիրը բազմաթիվ շերտեր ուներ և կարծում եմ, որ նախկինում արված մեր հայտարարություններն ուժի մեջ են»,- ասաց Ավինյանը:

Հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը Ամուլսարի հանքի շահագործման շահագրգռություն և՛ ունի, և՛ չունի. «Ես շահագրգռություն ունե՞մ, որ հանքը շահագործվի՝ և այո, և ոչ: Ես շահագրգռություն ունեմ, որ Ամուլսարի հանքը շահագործվի, որովհետև դա կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ: Եթե հանքը շահագործվեր, մենք կունենայինք ավելի մեծ տնտեսական աճ, բայց մյուս կողմից, ես ոչ մի պարագայում չեմ համաձայնի, որ հանքը շահագործվի Հայաստանի բնությանն անվերականգնելի վնաս հասցնելու հաշվին»,- նշել էր վարչապետը:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am