ՕԽ-ին կարող են ներկա լինել սահմանափակ թվով երկրպագուներ

16:27, 12 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տոկիո – 2020»  կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին զեկույց  է ներկայացրել օլիմպիական  խաղերի նախապատրաստական ծրագրերի վերաբերյալ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Զեկույցում արտացոլված  են մարզահանդեսին  առնչվող բոլոր խնդիրները։ Կարևորվում է  անվտանգ  ու ապահով  միջոցառում  անցկացնելու խնդիրը: 

Խաղերը  նախատեսվում է կազմակերպել  երեք  սկզբունքով․ ապահովել անվտանգ  միջավայր, նվազագույնի հասցնել անհրաժեշտ ծախսերը և  պարզեցնել խաղերի ձևաչափը։ Պատրաստ են  43 մրցասպարեզները, օլիմպիական գյուղը, հեռարձակման, մամուլի կենտրոնը և այլն։ Մրցումների ժամանակացույցը կմնա նույնը, թերևս հնարավոր  է կատարվեն  աննշան  ճշգրտումներ: Ձեռք բերված տոմսերը ուժի մեջ կմնան, իսկ դրանց  վերադարձը հասանելի կլինի 2020թ․աշնանը: Բացի այդ, քանի որ աշխարհում շարունակվում է COVID-19 համավարակը, կազմկոմիտեն  սերտորեն համագործակցում է ԱՀԿ-ի հետ։ Օլիմպիական խաղերի  մասնակիցների առողջությունը շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն: 

Արժե նշել, որ Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ: Մարզադահլիճներում մարզումների և միջազգային մրցաշարերի անցկացումը կսկսվի  2020-ի աշնանը:  Կազմկոմիտեի  կարծիքով  հաջորդ տարի նախատեսված համաշխարհային միջոցառումը, համաճարակի ավարտից հետո  կդառնա  համաշխարհային միասնության և վերածննդի խորհրդանիշ: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am