ՍԱՏՄ-ն շարունակում է կորոնավարակի տարածումը կանխելուն միտված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում

20:41, 11 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն օգոստոսի 11-ին խստացված ստուգայցեր են անցկացրել ողջ հանրապետության սննդի շղթայի տնտեսավարողների մոտ: Երևանում պատկերն անթերի է եղել՝ խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ մարզերում արձանագրված խախտումները եղել են ավել քիչ, քան նախորդ օրերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, որոշ կազմակերպություններում՝ հանրային սննդի և իրացման ցանցի, բացակայել է օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանը, թերի են լրացվել ջերմաչափման և ախտահանման գրացամատյանները, չի պահպանվել սոցիալական հեռավություն տարբեր սեղանների շուրջ նստած անձանց միջև, նկատվել են նաև աշխատակիցների կողմից դիմակների ոչ պատշաճ կրելու դեպքեր:

Կազմված արձանագրությունները կներկայացվեն ՀՀ պարետատուն:

Հանրապետության ողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ՝ այսօր 24 ժամով կասեցվել է նաև մի շարք տնտեսավարողների գործունեությունը: Եվս մեկինը կասեցվել է 168 ժամով. այստեղ կրկնախախտման դեպք է արձանագրվել՝ հաճախորդներին մատուցվել է նարգիլե:

«Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական՝ ամեն օր, օրվա ցանկացած ժամի»,- ասվում է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am