Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների կամավոր հետազոտություն

13:22, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները ԵՊԲՀ COVID_Antibody նախագծի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, բնականաբար ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին և սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակներում»,- գրել է Մուրադյանը:

Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում, լրացնել հղումը, այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։

«Մեր հետազոտողները արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։ Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։ Նպաստեք գիտության զարգացմանը` միաժամանակ ճանաչելով ձեր օրգանիզմի զգոնությունը Covid19-ի նկատմամբ: Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ»,- գրել է ռեկտորը:

Հայաստանում օգոստոսի 7-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39985 դեպք, որոնցից 32008-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1394 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 172994 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 777 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:


© 2009 ARMENPRESS.am