ՄԻՊ խմբերը մեկնել են բաժիններ Ամուլսարի շահագործման դեմ ցույց անողների բերման ենթարկելու հարցով

18:29, 6 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի հանքի շահագործման դեմ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց, այդ թվում՝ բերման ենթարկված իրավապաշտպանների հետ,  կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։


© 2009 ARMENPRESS.am