Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 233 նոր դեպք․ ապաքինվել է 706, մահացել 2 քաղաքացի

11:11, 6 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1588 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 171600 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 233 նոր դեպք և 706 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 772 (ավելացել է ևս 2-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 62 տարեկան տղամարդ և 82 տարեկան կին։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am