Հայաստանը միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին

13:10, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին։

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Ծրագրի նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման և զարգացման մոտեցումները։ Համատեղ ծրագրի շրջանակում վերլուծության կերթարկվեն հետևյալ 13 ֆուտբոլային հաստատությունները (ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ)․

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա

Վանաձոր քաղաքի ֆուտբոլի դպրոց

«Նիկարմ» ֆուտբոլային ակումբ

«Միկա» ֆուտբոլային ակումբ

Սիսիանի քաղաքային սպորտային դպրոց

«Օնոր» երիտասարդական սպորտային դպրոց

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ

Մարտունի քաղաքի սպորտային դպրոց

GOALS – Girls of Armenia Leadership soccer

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիա

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա

Վերլուծությունն անցկացնելու է բելգիական հայտնի Double Pass ընկերությունը, որը ֆուտբոլային տաղանդների զարգացման համակարգերի վերլուծության ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Ընկերության  մասնագետներն ուղիղ կապ կհաստատեն վերը նշված ֆուտբոլային հաստատությունների հետ և օնլայն հարցումների, տվյալների հավաքագրման, ինչպես նաև այցերի հիման վրա կտան վերջնական եզրակացություն։

Ծրագրի աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում և կավարտվեն 2021-ին։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am