Արմեն Սարգսյանը ցավակցել է Լիբանանի նախագահին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

11:36, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Խորապես ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթունի լուրից: Այս ողբերգությունը խլեց բազում կյանքեր և դարձավ հսկայական ավերածությունների պատճառ:

Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Լիբանանի ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել եղբայրական Լիբանանին»,-ասված է նախագահ Սարգսյանի հեռագրում:

 


© 2009 ARMENPRESS.am