Ցուցարարները և Վայոց ձորի ոստիկանապետը համաձայնության չեկան. Ամուլսարի ճանապարհը փակ է մնում

21:58, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի ճանապարհին ցույց անող ակտիվիստներն ու Վայոց ձորի ոստիկանապետ գնդապետ Գևորգ Ազիզյանն ընդհանուր հայտարարի չեկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ամուլսար տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ակտիվիստների կողմից:

Ակտիվիստները պահանջեցին, որպեսզի բերեն ամբարձիչ կռունկ ու 30 մետրով դեպի հետ տանեն «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տնակները: Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը նշեց, որ նման քայլի դիմել չեն կարող և ակտիվիստներին հորդորեց բացել ճանապարհն ու վաղը շարունակել իրենց հավաքը, որին չհամաձայնեցին ցուցարարները: Նրանք նշեցին, որ պատրաստ են իրենց ակցիան շարունակել նաև գիշերը:

Այժմ դեպի Ամուլսար տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Հայկական բնապահպանական ճակատը հայատարարություն է տարածել, որում նշել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել էր ու փոխարենը դրել իրենցը: «Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ, հաշվի առնելով, որ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում»,- ասված էր Հայկական բնապահպանական ճակատի հայտարարությունում, որում նաև կոչ էր արվում քաղաքացիներին դուրս գալ ու բողոքել:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը իր հերթին հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։ «Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ընկերության տարածքից։ «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել»,- նշված է հայտարարության մեջ։

Այսօր առավոտից բնապահպանական որոշ կազմակերպություններ և մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են իրականացնում այդ տարածքում:

Ոստիկանությունը Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով համապատասխան ուսումնասիրություն է կատարում։

Ոստիկանությունն օրվա ընթացքում բերման է ենթարկել ցուցարարներից մի քանիսին, որոնք հետագայում ազատ են արձակվել ոստիկանության բաժիններից: Իրավապահները քաղաքացիներին հորդորել են դադարեցնել հավաքն ու չխախտել արտակարգ դրության կանոնները:


© 2009 ARMENPRESS.am