Պաշտպանները դատարանին հրաժարվեցին ներկայացնել Քոչարյանի գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը

14:11, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց արգելանքի տակ գտնվող Քոչարյան գույքի և բանկային հաշիվերի վերաբերյալ դատարանին տեղեկություն տրամադրելու վերաբերյալ պաշտպանական թիմի դիրքորոշումը։

«Քանի դեռ Ռոբերտ Քոչարյանի գույքի արժեքը հիմնավորելու պարտականությունը դրված է ոչ թե պաշտպանների, այլ մեղադրանքի և վարույթ իրականացնող մարմնի վրա, քանի դեռ մենք չունենք հստակ համոզմունք, որ դատարանի կողմից պահանջված փաստաթղթերի բովանդակությունը չի օգտագործվի ի վնաս պարոն Քոչարյանի, քանի դեռ կալանքի տակ դրված գույքի արժեքը որևիցե կերպ չի կարող արդարացնել քննիչի անօրինական որոշումը ուժի մեջ թողնելը, մենք օգտվում ենք քրեական դատավարության օրենսգրքի 19 հոդվածի 5-րդ մասով նախատեսված մեր իրավունքից և այս փուլում չենք ցանկանում ներկայացնել կալանքի տակ գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ալումյանը։

Նախորդ դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները միջնորդել էին վերացնել նրանց գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպանական կողմից պահանջել էր ամբողջական տեղեկություն տրամադրել արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվերի վերաբերյալ։


© 2009 ARMENPRESS.am