Կյանքից հեռացել է ՀՀ նախկին պետնախարար, հնագետ Գրիգոր Արեշյանը

10:31, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կյանքի 71-րդ տարում մահացել է Հայաստանի Հանրապետության նախկին պետական նախարար, Հայաստանում ամերիկյան համալսարանի պրոֆեսոր և աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

«Պրոֆեսոր Արեշյանի հետ տարբեր գաղափարներ էինք քննարկել և մտածում էինք դրանց իրականացման շուրջ: Շատ էր մտահոգվում պատմության թանգարանի անմխիթար վիճակի և ցուցադրության չդրված հազարավոր արժեքավոր իրերի ապագայով: Պրոֆեսոր Արեշյանը մեծ ավանդ ունի հայագիտության, հնագիտության և պատմության բնագավառներում: Պրոֆեսոր Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500-ամյա ոտնամանը: Թող աստված հոգիդ լուսավորի»,- գրել է Մկրտչյանը:

Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949թ., Երևանում: 1987-1991թթ. Զբաղեցրել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը: 1991-1992թթ. եղել է Հայաստանի Հանրապետության պետական նախարար:


© 2009 ARMENPRESS.am