Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգային՝ երկրի Ազգային տոնի առթիվ

14:29, 1 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Շվեյցարիայի հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը»,-ասված է ուղերձում:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան և ունեն համագործակցության մեծ ներուժ նորագույն տեխնոլոգիաների ու նորարարությունների, գիտատեխնիկական, սննդի անվտանգության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: 


© 2009 ARMENPRESS.am