Արթուր Վանեցյանը հրաժարվել է նախապատրաստվող գործով բացատրություն տալ

10:40, 31 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ նախապատրաստվող գործով որևէ դատավարական կարգավիճակ չունի։

«Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու համար։ Ուզում եմ նշել, որ որևէ պարտավորություն չունեի գալու, բայց, հարգելով ինստիտուտը, այցելել եմ և հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վանեցյանը։

Վանեցյանը մի փոքր մանրամասնեց, թե ինչ գործի մասին է խոսքը. «2018 թվականին վերականգնվել է աշխատանքի մեր նախկին աշխատակիցներից մեկը, ով ,ըստ ԱԱԾ մեկնաբանության, իրավունք չուներ այդ պաշտոնում վերականգնվելու»:

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել էր  Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու։

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը հուլիսի 30-ին հրապարակել էր ԱԱԾ ծանուցման թերթիկի լուսանկարը, որտեղ նշված էր, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրասվում են նյութեր ՀՀ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 16-րդ հոդվածների  պահանջների խախտմամբ ՀՀ ԱԱԾ-ում նշանակում կատարելու վերաբերյալ։

«Նախապատրաստվող նյութերի անհրաժետություններից ելնելով՝ Դուք հրավիրվում եք բացատրություն տալու ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ Ցանկության դեպքում կարող եք ներկայանա փաստաբանի հետ»,- նշված է Վանեցյանին ուղարկված ծանուցման մեջ։


© 2009 ARMENPRESS.am