Բուհեր չընդունված դիմորդները երկու հայց են ներկայացրել Վարչական դատարան
15:43, 29 Հուլիս, 2020ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի ընդունելության միասնական քննություններում բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված մի խումբ դիմորդներ երկու հայցադիմում են մուտքագրել Վարչական դատարան՝ բուհեր ընդունելության վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Առաջին հայցադիմումով պահանջում ենք կառավարության որոշումը, որը կիրառվել է դիմորդների նկատմամբ, ճանաչել անվավեր։ Ընդ որում, առաջին հայցը չի լուծում դիմորդների խնդիրը և դրանով պետությանը՝ ՀՀ կառավարությանը ցանկանում ենք ցույց տալ, որ այս պայքարն արդար է եղել և իրապես նրանց նկատմամբ կիրառվել է ոչ իրավաչափ որոշում։ Երկրորդ հայցով պահանջում ենք արդեն անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր և ռեաբիլիտացնել նրանց»,- ասաց Կոչուբաևը` հավելելով, որ խախտված իրավուքները տարբեր են, ուստի յուրաքանչյուր դիմորդի համար առանձին պահանջ է դրվել։
Նրա խոսքով՝ հայցերից մեկով միջնորդել են դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես հայցն ապահովել, ինչը հնարավորություն կտա մինչև սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
© 2009 ARMENPRESS.am