Տավուշի մարզում մեկնարկել է հակառակորդի հրետակոծությունից վնասված տների վերանորոգումը

14:26, 28 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի հրետակոծության արդյունքում վնասված տների վերանորոգումն արդեն մեկնարկել է։

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Յուրաքանչյուր վնասված տան դիմաց կառուցելու ենք կրկնակին»,- հայտնել է Չոբանյանը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանական զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել:

Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:


© 2009 ARMENPRESS.am