Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 10 օրում կատարվել է 313 մլն դրամից ավելի նվիրատվություն

17:22, 27 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին հուլիսի 17-27-ն ընկած ժամանակում կատարվել է շուրջ 313 230 000 ՀՀ դրամի նվիրաբերություն։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հուլիսի 17-ից սկսած հիմնադրամին ուղարկված նվիրաբերությունների թիվը կրկնապատկվել է»,-հայտնում են հիմնադրամից: 

Հուլիսի 17-ից հուլիսի 27-ի ժամը 11։30-ի դրությամբ կատարվել է շուրջ 313 230 000 ՀՀ դրամ նվիրաբերություն, որից կայքի միջոցով` 29 %-ը, Paypal-ի միջոցով ` 10%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը.

Կատարվել են ավելի քան 3100 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 58%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 19%-ը: Նվիրաբերություններն արվել են շուրջ 55 երկրներում բնակվող  հայրենակիցների կողմից.

Նշված ժամանակում ամենաշաատ նվիրաբերություններ կատարվել են Հայաստանից, այնուհետև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից: 

Հուլիսի 20-ին, ի պատասխան բանակին աջակցել ցանկացողների բազմաթիվ զանգերի և հաղորագրությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հիմնադրամին նվիրատվություն կատարելու հորդորից ընդամենը 10 ժամ  անց կատարվել էր շուրջ 1000 փոխանցում, ինչը նշանակում է, որ 40 վայրկյանը մեկ փոխանցում էր արվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։


© 2009 ARMENPRESS.am