Մխիթարյանն անվանական մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին  

12:56, 27 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի՝ իր անվանական մարզաշապիկներ է նվիրաբերել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված հայ զինծառայողներին: Մխիթարյանը խոստացել է Հայաստանում գտնվելու ժամանակ անպայման հանդիպել մեր զինվորներին և անձամբ ստորագրել մարզաշապիկները:

«Խոնարհվում եմ ձեր խիզախ կեցվածքի առջև, շնորհակալ եմ, որ անսասան կանգնած եք և պաշտպանում եք մեր հայրենիքի սահմանները»,- զինծառայողներին ուղղված իր նամակում, մասնավորապես, նշել է Հենրիխ Մխիթարյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am