2020 թվականի առաջին 6 ամիսներին Արցախում ծնվել է 960 երեխա

17:47, 24 Հուլիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 960 երեխա, որոնցից 484-ը տղաներ են, 476-ը՝ աղջիկներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Քաղաք Ստեփանակերտում 820 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 78 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 27, Հադրութում՝ 16, Քաշաթաղում ՝ 15 և Շահումյանում՝ 4 երեխա: Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 16 ծնունդ:

Հարկ է նշել, որ թվով 7 երեխաներ ծնվել են արհեստական բեղմնավորման ճանապարհով:
Արցախի  Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 21 երեխա:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 977 երեխա, որոնցից 495-ը՝ տղաներ են, 482-ը՝ աղջիկներ:

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 925 երեխա, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվն աճել է 35-ով:


© 2009 ARMENPRESS.am