Ռեփերը ներկայացրել է սիրված «Ծառ» երգի չհանրայնացված մշակումը

11:35, 23 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միշոն երկրպագուների դատին է հանձնել արդեն իսկ տարածում գտած «Ծառ» երգի նախկին տարբերակը, որը, ըստ ռեփերի, ապրելու իրավունք ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգը հասանելի է համացանցում: Միշոն «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Սերժոյի հավաքած «Ծառ»-ի նախկին բիթը սա էր, իսկ հետո որոշեցինք ձևափոխել, բայց այս տարբերակն էլ իրավունք ունի ապրելու»:

Ռեփերը մի առիթով նշել է, որ հիփ-հոփը հնարած գործիք է, որով կարող ես նվագել այնպես, ինչպես ուզում ես: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է կոտրել հիփ-հոփի վերաբերյալ կարծրատիպերն ու ստեղծել յուրահատուկ մի բան, որը կարող է տարբերվել այլ գործերից:

Միշոն ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 24-ին: 2001 թվականին ՀՏ Հայկոյի հետ հիմնադրել է «Հայ տղեք»  խումբը, որն իր տեսակի մեջ առաջինն էր Հայաստանում։ Նրանց «Մաշնես ու ես» երգի տեսահոլովակը մեծ տարածում գտավ երիտասարդության շրջանում։ 2008 թվականին Միշոն և ՀՏ Հայկոն բաժանվեցին և յուրաքանչյուրը գնաց իր անձնական կարիերան ստեղծելու ճանապարհով։

2007-ից ի վեր Միշոն համագործակցել է տարբեր երաժիշտների հետ՝ թողարկելով մի շարք սկավառակներ:

Լուսանկարը՝ ռեփերի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

Անժելա Համբարձումյան

 


© 2009 ARMENPRESS.am