Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ գյուղեր՝ բնակիչներին քաջալերելու

17:53, 21 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր և Բերդ քաղաք՝ տեղաբնակներին աջակցելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հակոբյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում զետեղված գրառմամբ:

«Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին, ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլև՝ ֆիզիկապես։ Այս գրառման հետ և հետագայում հրապարակվող լուսանկարներին կից կներկայացնեմ այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել»,-շեշտել է վարչապետի տիկինն ու հավելել, որ պետք է դեմքով ճանաչել հերոս զինվորների թիկունքն ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչև տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ և հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։

Հակոբյանն ընդգծել է՝ նրանք, թեև արկերի պայթյուններից ու կրակոցներից հոգնել են, բայց ամուր են ինչպես երբեք, տոկուն են, ավելի քան երբևէ և առավելապես հպարտ են, որ հայ են, Հայաստանի արժանապատիվ և հաղթական քաղաքացի։

«Մնացած բոլոր հարցերը լուծելի են»,-եզրափակել է Աննա Հակոբյանը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:


© 2009 ARMENPRESS.am