Ահաբեկչական և ցեղասպան մտադրություն. ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է ՀԱԷԿ-ի մասին Ադրբեջանի հայտարարությունը

21:46, 16 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը՝ հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ:

«Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին: Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից»,-նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնացել է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին: «Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,-ասել է նա:


© 2009 ARMENPRESS.am