Հայկ Մելիքյանը կշնորհավորի Ֆրանսիայի ազգային տոնը դաշնամուրային համերգով

12:58, 14 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի ազգային տոնը Երևանում կնշեն  ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի դաշնամուրային մենահամերգով: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մենահամերգով սկիզբ է դրվում 2000+ համերգաշարին, որի նպատակն է պրոպագանդել 21-րդ դարի համաշխարհային դաշնամուրային երաժշտությունը և ներկայացնել մեր օրերի կոմպոզիտորներին հայաստանյան հանդիսատեսին:

Համերգի ընթացքում հնչելու են ֆրանսիացի վեց ժամանակակիցների ստեղծագործություններ, որոնք բոլորն էլ լինելու են հայաստանյան պրեմիերաներ. Պիեռ Բուլեզ, Բրունո Մանտովանի, Պասկալ Դյուսապեն, Ժակ Լընո, Միշել Կարսկի, Քրիստոֆ Բերտրան: «Պետք է խոստովանեմ, որ, անկասկած, կարոտել եմ իմ սիրելի հանդիսատեսին, կենդանի համերգներին, բայց ժամանակն ընթանում է, և մենք պարտավոր ենք շարժվել՝ ապրելով ու ստեղծագործելով դրան զուգընթաց, այս պարագայում համակերպվելով առցանց համերգների ձևաչափին: Արդեն հասցրել եմ ունենալ մի քանի վիրտուալ համերգներ՝  առանց հանդիսատեսի և ուրախ եմ, կրկին անգամ հանդես գալ այս անգամ արդեն 2000+ խորագիրը կրող նոր նախագծով, որը, հուսանք, շարունակական կլինի և կներկայացնի տարբեր ազգերի 21-րդ դարի երաժշտությունը:»,- ասում է Հայկ Մելիքյանը: Դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանի հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Ուրախ ենք կրկին անգամ համագործակցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ և շնորհակալ ենք պարոն դեսպան Ջոնաթան Լաքոթին՝ 2000+ նորահայտ նախաձեռնության հանդեպ նրբանկատ վերաբերմունքի համար և, իհարկե, մեծ պատիվ է համերգի հեռարձակումը իրագործել հենց մեր բարեկամ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ»։  Հայկ Մելիքյանի առցանց ձևաչափով համերգները շարունակվում են՝ առաջիկայիում ներկայացնելով Գուրջիև-Հարթմանի երաժշտությունը Գյումրիի Սերգեյ Մերկուրովի թանգարանից, ինչպես նաև Armenian National Music-ի կողմից կազմակերպվող երկու համերգ:

Համերգը հեռարձակվելու է առցանց ձևաչափով՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտից, Երևանի ժամանակով ժ.21:00:


© 2009 ARMENPRESS.am