Հանրակրթության չափորոշչի նախագիծը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին

10:16, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շարունակվում են «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի» նախագծի վերաբերյալ թիրախային խմբերի հետ առցանց հանդիպումները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Այս անգամ ZOOM հարթակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին է ներկայացրել չափորոշչի հիմնական սկզբունքները։ Ըստ փոխնախարարի՝ շուրջ մեկ տարի չափորոշչի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ավելի քան 70 մասնագետ, որոնց թվում՝ գործող մանկավարժներ։ «Չափորոշչի նախագծի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ առաջարկվում է դպրոցից պահանջները ձևակերպել ոչ թե գիտելիքային իմացության, այլ վերառարկայական կարողունակությունների՝ կոմպետենցիաների տեսքով։ Ութ առանցքային կարողունակություններն ամփոփում են դպրոցից ընդհանրական պահանջը, թե ինչպիսի շրջանավարտ ենք ուզում ունենալ»,-նշել է նախարարի տեղակալը և ընդգծել, որ չափորոշչի նախագծով՝ խնդիր է դրվել հասկանալ ու ձևակերպել, թե ինչպես է առանձին առարկան մասնակցում ընդհանուր կարողունակության ձևավորմանը։ «Մենք հանրակրթությունը պատկերացնում ենք որպես մի գործընթաց, որտեղ ամենակարևորը սովորողի շահերի պաշտպանությունն է, այլ ոչ թե առարկաների։ Բացի այդ, մենք դպրոցին և ուսուցչին տալիս ենք ազատություն՝ իր վերջնաարդյունքը որոշելու համար»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ խորհրդի անդամներին ներկայացնելով չափորոշչի նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները։ Այն է՝

Փոխնախարարի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները։ Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ փատաթղթով հստակ ամրագրվում է համապատասխան արժեքային համակարգով և քաղաքացիական գիտակցությամբ սովորողի ձևավորումը։ Խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր են ուղղել բանախոսին, մասնավորապես, նրանց հետաքրքրել է՝ արդյոք չափորոշչի նախագծով պայմանավորված կրթական այս մեծ բարեփոխումն ուղեկցվելո՞ւ է հարակից այլ փոփոխություններով՝ դպրոցների կառավարման համակարգ և այլն, որքանո՞վ կարող է ռիսկային լինել տնօրենների սուբյեկտիվ ընտրությունը՝ կապված ինտեգրված առարկաների հետ, ինչպե՞ս է կազմակերպվելու ուսուցիչների շարունակական վերապատրաստումը, ինչպիսի՞ն է լինելու չափորոշչի իրականացման ճանապարհային քարտեզը և կներդրվի՞ արդյոք մոնիթորինգի համակարգ։ Խորհրդի անդամներին հետաքրքել է նաև, թե ծրագրի բեռնաթափումը ո՞ր առարկաների հաշվին է լինելու, բացի այդ, խնդիր է դրվել փաստաթղթում ներառական կրթության մասով հստակեցման, ինչպես նաև անդրադարձ է եղել սոցիալական մանկավարժի հաստիքին։ Ժաննա Անդրեասյանը, մանրամասն պատասխանելով հնչեցված հարցերին և արձագանքելով բոլոր մտահոգություներին, շնորհակալություն է հայտնել առաջարկների և շահագրգիռ քննարկման համար։ Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ ստացված հազարավոր առաջարկները վկայում են այն մասին, թե հանրությունը որքան է կարևորում կրթության ոլորտի փոփոխությունները։ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է քննարկել բոլոր առաջարկությունները և իրականացնել համապատասխան լրամշակումներ։


© 2009 ARMENPRESS.am