Գեղարքունիք գյուղում կլուսավորվի 12 փողոց

15:26, 10 Հուլիս, 2020

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի լուսավորության ցանց՝ ավելի քան 4 կիլոմետր երկարությամբ:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Գեղարքունիքի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 972 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 322 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 650 հազար դրամը՝ Գեղարքունիքի համայնքապետարանը: Գեղարքունիք համայնքի ղեկավար Արայիկ Աբրահամյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Ծրագրի իրականացման արդյունքում տեղադրվելու է 134 լուսատու եւ հենսայուն: Լուսավորության ցանցը կառուցվում է համայնքի Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, Նժդեհ, Պ. Սեւակ, Ս. Գրիգորյան, Սարալանջի, Իսահակյան, Հ. Ավետիսյան, Վ. Ստեփանյան, Գետափի, Հ. Շիրազ եւ Զորավար Անդրանիկ փողոցներում եւ աշխատելու է ԼԵԴ համակարգով: Համայնքը սրանով ունենում է մոտ ութսուն տոկոսի չափով լուսավորություն»,- նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am