Մաթեմատիկայի քննության գնահատականներն արդեն հասանելի են. բողոքարկման ժամկետը երկարաձգվել է

13:26, 10 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաթեմատիկայի միասնական քննության գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում, իսկ բողոքարկման ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

«Գնահատման և թեստավորման կենտրոնը ներողություն է խնդրում հուլիսի 6-ին մաթեմատիկայի միասնական քննություն հանձնած դիմորդներից ու նրանց ծնողներից՝ պատճառված անհանգստության համար, և տեղեկացնում, որ գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում: Դիմորդների էլեկտրոնային հասցեներին դրանք չեն ուղարկվել. ինտերնետ կապի հետ խնդիրներն ամբողջությամբ շտկված չեն»,-տեղեկացնում են ԳԹԿ-ից:

Միաժամանակ հայտնել են, որ երկարաձգվել է մաթեմատիկայի գնահատականի բողոքարկման ժամկետը՝ մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00­-ն:


© 2009 ARMENPRESS.am