ՀՀ պաշտպանության նախարարը և ՉԺՀ դեսպանը քննարկել են ոլորտում համագործակցության զարգացման ուղիները

21:03, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձևաչափով հուլիսի 9-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը նշել են հայ-չինական հարաբերությունների և ռազմաքաղաքական երկխոսության բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանական բնագավառում: Քննարկվել են համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման ուղիները: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու համար:


© 2009 ARMENPRESS.am