Վարչապետն անդրադարձավ պատվաստանյութի հետ կապված բանակցություններին

12:31, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դիտարկումներին, թե ինչպես են ՀՀ կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը բանակցում կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար, եթե պատվաստանյութ դեռևս չկա:

«Ուզում եմ պարզաբանել, քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստվանյութի ձեռք բերման համար հերթ են կանգնում, և կան երկրներ, որոնք գնում են իրականացրել, այսինքն՝ գումար են փոխանցել և ապագա պատվաստանյութն ահռելի քանակությամբ ձեռք են բերել, ինչը մտավախություն է առաջացնում, որ խմբաքանակները կհայտնվեն մի քանի երկրների ձեռքում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ընդգծեց, որ իրականում, պատվաստանյութ կա, և կան բազմաթիվ պատվաստանյութեր: «Խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է, ընկերություններ կան, որ տասնյակ հազարներով դրանք արտադրել են, և միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է խոսքը և, ամենայն հավանականությամբ, վերջնական հաստատվածը լինելու է ոչ մեկը, այլ՝ մի քանիսը», - ասաց նախարարը: 

Արսեն Թորոսյանը նշեց, որ ներկայում տարբեր երկրների կլինիկաներում պատվաստանյութերի փորձարկումներ են իրականացվում: 


© 2009 ARMENPRESS.am