«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Իրաքում ստեղծվել է նոր՝ թուրքմենների հարցերի նախարարություն

09:50, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի խորհրդարանը հունիսի 6-ին հաստատել է օրինագիծ, որով այդ երկրում ստեղծվելու է թուրքմենների հարցերի նախարարություն, ինչը, թերեւս, այդ շահարկումները չեզոքանելու նպատակ է հետապնդում: Իրաքի թուրքմենները, որոնք գլխավորապես Իրաք են տեղափոխվել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում, թուրք-օղուզական ցեղի ներկայացուցիչներ են: Նրանք խոսում են օղուզական լեզվաընտանիքի ադրբեջանական բարբառով, որը հայտնի է որպես քիրքուքյան ադրբեջաներեն:  Հավելենք, որ այդ լեզուն նախապես թուրքմեներեն է կոչվել, բայց, երբ աշխարհագրության քարտեզի վրա ի հայտ եկավ Ադրբեջան անունով պետություն, որի լեզուն գրեթե նույնն է, ինչ իրաքյան թուրքմեններինը, այն սկսեցին կոչել նաեւ իրաքյան կամ քիրքուքյան ադրբեջաներեն: Նշենք, որ Ֆիզուլին էլ հենց այս թուրքմեններից է եւ ապրել է Իրաքում, սեղծագործել պարսկերենով ու մայրենի իրաքյան թուրքմեներենով:

Թուրքմենները գլխավորապես ապրում են Իրաքի հյուսիսային հատվածում՝ Մոսուլի, Արբիլի եւ Քիրքուքի նահանգներում: Թուրքմենները քանակով Իրաքում երրորդ տեղում են: Պաշտոնական տվյալների համաձայն՝ նրանք բնակչության 2-3 տոկոսն են կազմում, իսկ ոչ պաշտոնական՝ 9-13, այն է՝ 3 միլիոն, ինչն ընդունելի է թուրքմենների ու Թուրքիայի համար:  Թուրքմենները ներկա դրությամբ քաղաքական 5 կուսակցություն եւ խորհրդարանում 8 պատգամավոր ունեն: Թուրքիան սերտ համագործակցում է Իրաքի թուրքմեների հետ, աջակցում, ոգեւորում նրանց՝ ձգտելով ուժեղացնել ազգային զգացմունքները, երբ նրանցից շատերը նույնիսկ մայրենիով չեն խոսում: Թուրքիայի նման գործունեությունը Բաղդադն իրավացիորեն գնահատում է որպես սադրանք ու հրահրիչ»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 


© 2009 ARMENPRESS.am