Այս տարի արտահանվել է 58 հազար տոննա պտուղ-բանջարեղեն

14:57, 8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ակտիվ գյուղատնտեսական շրջան է, արտահանումն իրականացվում է սահուն, առանց լուրջ խնդիրների:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Բեռնատարներն առանց խնդիրների անցնում են սահմանային անցակետերը և ժամանակին գյուղմթերքը հասցնում արտաքին շուկաներ: Համաձայն մեր օպերատիվ տվյալների՝ արդեն արտահանվել է 13 հազար տոննա ծիրան, շուրջ 3 հազար 200 տոննա կեռաս, 21 հազար տոննա լոլիկ, 800 տոննա ելակ և այլն: Ընդհանուր առմամբ արտահանվել է 58 հազար տոննա պտուղ-բանջարեղեն»,- ասաց Արման Խոջոյանը: Նախարարի խոսքով՝ այս ցուցանիշը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 15 տոկոսով քիչ է: Պակաս արտահանումը կապված է խնձորի բերքի հետ: Այս տարի արտահանվել է 5 հազար 500 տոննա, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 11 հազար 500 տոննա:

Նախարարի տեղակալը նկատեց, որ այս տարի արտահանված խնձորը 2019 թվականի բերքն է, իսկ 2019 թվականին առավել քիչ բերքատվություն է եղել 2018 թվականի համեմատ՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով:

Արտահանման ցուցանիշներում որոշակի անկում է նկատվում նաև ծիրանի հետ կապված: Գրեթե 3 հազար տոննա պակաս է արտահանվել: Տարվա սկզբին առատ բերք էր սպասվում, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները պատճառ դարձան ունենալ ավելի քիչ քանակ, քան սպասվում էր:

Արման Խոջոյանը տեղեկացրեց, որ ակտիվ են ընթանում մթերման գործընթացները: Վերջին տվյալներով մթերվել է 5 հազար 500 տոննա պտուղ­-բանջարեղեն: Դրանից 1 200 տոննան բանջարեղենն է, իսկ 4 300 տոննան՝ պտուղը:


© 2009 ARMENPRESS.am