ՀՀ նախագահը պարգևներ է հանձնել երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների ներկայացուցիչների

16:02, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների մի խումբ ներկայացուցիչներ՝ Կոմիտասի անվան ազգային քառյակի 1-ին ջութակահար, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը, 2-րդ ջութակահար Սյուզի Երիցյանը, քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, ինչպես նաև թավջութակահար Արամ Թալալյանը, գրականագետ Ավետիք Իսահակյանը և Համահայկական խաղերի երևանյան գրասենյակի ղեկավար Դավիթ Չիբուխչյանն արժանացել են պետական բարձր պարգևների՝ իրենց ոլորտների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով պարգևատրվածներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նրանք իրենց գործունեությամբ, արվեստով, կատարած աշխատանքով արդեն իսկ վաստակել են ժողովրդի հարգանքն ու գնահատանքը: «Ուրախ եմ, որ երկար տարիների ձեր հայրենանվեր ներդրումը գնահատվում է ոչ միայն շքանշանով, այլև մեր ժողովրդի կողմից,-նշել է նախագահը:- Քաջալերում եմ այն գործունեությունը, որ իրականացրել եք վերջին տարիներին և վստահ եմ, որ շարունակելու եք նույն եռանդով և նվիրումով»:

Պարգևների արժանացած գործիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նույնիսկ ներկայիս դժվարին իրավիճակում իրենց վաստակը գնահատելու և արժևորելու համար:


© 2009 ARMENPRESS.am