Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 4 նոր դեպք
11:24, 3 Հուլիս, 2020ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հուլիսի 3-ին կորոնավիրուսային վարակը հաստատվել է 129 քաղաքացու մոտ, որից 101-ն առողջացել են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 2 014 թեստավորում: Երկրում հայտնաբերվել է վարակի ևս մեկ օջախ Ստեփանակերտ քաղաքում։ Այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19: 2 նոր դեպք էլ գրանցվել է նախօրեին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում:
Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի կորոնավիրուսային 2 օջախից հիվանդությունը հաստատվել է 4 քաղաքացու մոտ: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում. կոնտակտավորներից թեստավորման նպատակով նմուշառում են վերցնում և մեկուսացնում:
Կա 85 մեկուսացված անձ, փաստացի բուժում է ստանում 28 քաղաքացի։ Բուժառուներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության:
Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Լիլիթ Դեմուրյան
© 2009 ARMENPRESS.am