Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

10:19, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 2-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը Բելառուսի գործընկերոջը ջերմորեն շնորհավորել է հուլիսի 3-ին նշվող երկրի ազգային տոնի՝ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև զարգացող փոխգործողությունն ու արդյունավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում։

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է Բելառուսի փորձը բարձր տեխնոլոգիաների և տնտեսության մի շարք այլ ոլորտներում։

Նախագահները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների, համատեղ ծրագրերի իրականացման հարցերի շուրջ։

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Մինսկում հայկական եկեղեցու կառուցման համար հողատարածք տրամադրելու հարցում աջակցության համար։ 

 


© 2009 ARMENPRESS.am