Հայաստանում կառուցվում է 3 նոր հիվանդանոց

16:03, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՄՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ, այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող և վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու: Կառավարության նիստում նախարարն ասաց, որ բացառությամբ այն 12-ի, որ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում են, իրենք ևս կառուցվելիք 2 խոշոր օբյեկտ ունեն Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում: «Դրանցից առաջինի՝ Մարտունու ԲԿ-ի շինարարությունը կսկսվի մոտ օրերս: Շուտով կհայտարարվի նաեւ Վայոց ձորի ԲԿ-ի ամբողջական կառուցման մրցույթը: Այս երկուսը ամբողջությամբ զրոյից են կառուցվելու և համապատասխանելու են միջազգային բոլոր չափանիշներին:

Եվս մեկ հրատապ շինարարություն հնարավորություն կունենանք շուտով անելու, սպասում ենք Կայունացման և զարգացման եվրասիական  հիմնադրամի կողմից համաձայնագրի կնքմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: 

Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված Վանաձորում կառուցելու են նոր ինֆեկցիոն հիվանդանոց, քանի որ Վանաձորի ԲԿ հին շենքը ոչ հնարավոր էր վերանորոգել, ոչ էլ համապատասխանում էր պայմաններին:

«Այս ամբողջն անելուց հետո պրակտիկորեն չենք ունենալու որևէ բժշկական հիմնարկ ամբողջ ՀՀ տարածքում, որը կարիք է ունենալու էական ներդրման կամ կապիտալ վերանորոգման: Այս աշխատանքները կտևեն 2-3 տարի»,- ասաց նա: 


© 2009 ARMENPRESS.am