Վարչապետը ճանապարհաշինության որակի բազմապատկման խնդիր է դնում 

15:57, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հայաստանում ճանապարհաշինության որակը շատ ավելի լավ է, քան մի քանի տարի առաջ: Կառավարության նիստում վարչապետը միաժամանակ նշեց, որ առկա որակից նույնպես բավարարված չեն: 

«Մենք անգամներով պետք է որակը բարձրացնենք: Իհարկե, լավ կլինի, որ դրսից ընկերություններ գան՝ իրենց հետ բերելով նոր մշակույթ, նոր ստանդարտներ, բայց պետք է հասնենք նրան, որ նաև մեր հայկական ընկերությունները շինարարություններ իրականացնեն այլ երկրներում:

Մինչև հիմա Հայաստանում շինարարությունը, կներեք, խորհրդային շրջանում մի այդպիսի բառ կար՝ փոդրաթչիության տրամաբանության մեջ էր: Մենք շինհրապարակից սկսած խնդիր ունենք: Մեր շինհրապարակներից շատերը հաճախ ավելի շատ աղբանոցի են նման, քան գործունեություն ծավալելու տեսակի: Մենք պետք է ստանդարտները բարձրացնենք՝ բանվորի հագուստից սկսած, պաշտպանության միջոցով վերջացրած: Շինհրապարակի որակը քաղաքակրթական նշանակություն ունեցող  հարց է, դա վերաբերմունք է մարդկանց, բանվորին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ այն երկրում, որտեղ կա քամահրական վերաբերմունք բանվորին, այնտեղ լուրջ բովանդակային խնդիր գոյություն ունի: 


© 2009 ARMENPRESS.am