Ստեփանակերտում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել

11:23, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

«Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում, որը կապակցված է Շուշիում երեկ հաստատված դեպքի հետ: Երկու օջախներից 6 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում»,- նշված է հաղորդագրությունում:

Արցախում հուլիսի 2-ի դրությամբ՝ կորոնավիրուսով հիվանդացության 6 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 70, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 24 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 125 է, առողջացել է 101 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 1982 է:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ի ժամը 22:00-ը ներառյալ։


© 2009 ARMENPRESS.am