Մեկնարկել է ամառային զորակոչը. զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ թեստավորվում են

12:12, 1 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետև միայն մասնակցում վիճակահանությանը»,- գրել է Ստեփանյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն արժանապատիվ և բարի ծառայություն է մաղթել զորակոչիկներին:

«Դե ինչ, գալիք երկու ամսում հարյուրավոր երիտասարդներ՝ մեկը մարզիկ, մյուսը երաժիշտ, երրորդը՝ ապագա տնտեսագետ, կհագնեն ազգային բանակի համազգեստն ու կզինվորանան՝ շարունակելով անխախտ պահել սահմանը։ Արժանապատիվ և բարի ծառայություն, տղանե´ր»,- նշել է Շուշան Ստեփանյանը:

 


© 2009 ARMENPRESS.am