Արցախի նախագահը հրավիրել է գյուղատնտեսության և համայնքային խնդիրներին նվիրված խորհրդակցություն

20:31, 30 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, շրջաններում իրականացվող բերքահավաքի և ոռոգման աշխատանքների, ինչպես նաև տեղերում առկա խնդիրների մասին համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչակազմերի ղեկավարները: Հանրապետության նախագահին չեն գոհացրել հատկապես հացահատիկային մշակաբույսերից ստացված բերքի ցածր ցուցանիշները, ինչը նա համարել է ոչ թե եղանակային անբարենպաստ պայմանների, այլ մասնավոր և պետական հատվածների կողմից ցուցաբերված ոչ լիարժեք մոտեցումների արդյունք: Արայիկ Հարությունյանի խոսքով՝  տարածքային կառավարման արդիականացման և համայնքների համաչափ զարգացման համար անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան բարձրացնել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող  պետական աջակցության ծրագրերի արդյունավետությունը: Այս համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը վերանայելու և այն Նախագահի 2020-2025 թվականների ծրագրին  համապատասխանեցնելու ուղղությամբ:

Նախագահն անդրադարձել է նաև ոռոգման ջրի խնդրին և ընդգծել, որ առաջիկա ժամանակահատվածում պետական միջոցներով նախատեսվում է մեծածավալ աշխատանքներ իրականացնել՝ միաժամանակ ընդլայնելով ոլորտը համակարգող ընկերությունների լիազորությունները: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհաշինությանը, սոցիալական տարբեր խմբերի բնակարանային խնդրի լուծմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը և տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:


© 2009 ARMENPRESS.am