Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ. Նիկոլ Փաշինյան

12:04, 30 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքսով» Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրի շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի էջը:

Հանրապետությունը «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դարձել է «հիմնականում ազատ»։

Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում, բացի այդ երկրի ընդհանուր միավորը գերազանցում է տարածաշրջանային և համաշխարհային միջին ցուցանիշները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ, և սա՛ է ներդրումների խթանման հիմնական միջոցը:

«Կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին այս տեղեկատվությունը, իհարկե, այնքան էլ հրատապ չէ, բայց ուրախ եմ, որ միջազգային հանրությունը արձանագրում է այն խորը փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում: Սիրելի հայրենակիցնե՛ր, պիտի հաղթահարենք կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնանք մեր բարեկեցության կառուցման գործին»,- նշել է Փաշինյանը:

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am