«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր պատգամավորական մեկ մանդատը վերականգնելու համար դիմել է ԿԸՀ

17:33, 29 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր պատգամավորական մեկ մանդատը վերականգնելու համար գրությամբ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«Գրությամբ դիմել ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը»,- գրել է Սամսոնյանը:

Խմբակցությունը ցանկանում է վերականգնել այն մանդատը, որը պատկանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած և այժմ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին:


© 2009 ARMENPRESS.am